Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Իմ հիշողությունը կարող է դառնալ քոնը»

«Իմ հիշողությունը  կարող է դառնալ քոնը»
30.07.2013 | 11:42

Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ընկեցիկը» գրքի առանձնահատկությունն այն չէ, որ Թուրքիայում Օրհան Փամուկով և Շաֆակով ջարդվեց մինչ այդ արմատավորված տաբուն. թուրք մտավորականը կանգնեց շիփ-շիտակ ու առաջին հերթին իր հայրենիքին ասաց` եղել է հայերի ցեղասպանություն: Ասաց լեզուներից ամենաընդունված` գեղարվեստական արձակի միջոցով: Ինչն արդեն հավաստում էր, թե որքան է թուրքի ենթագիտակցական խորքում «եփվել- պտտվել» թեման, որ հասել է գեղարվեստի մակարդակի. ցավոտ թեմաներն ամենաշատն են եփվում ազգերի հիշողության կոդում:
Շաֆակի գրքի հմայքը նաև այն չէ, որ այդքան երիտասարդ լինելով, մանկամարդ այդ կինը բավականին խորքային, զգայական, քաղաքական դիապազոնի տիրապետում է հանդես բերում: ՈՒ թե անկեղծ` հենց միայն վիզուալ-գրքային ծանոթությունը մղում է սևեռման. արդյո՞ք «մաքուր» թուրք է Շաֆակը, արդյո՞ք նրա աչքերի, արյան, հայացքի խորքում հայի արյուն ու նստվածք չկան: Բայց դե` սա ևս արդեն ուշացած թեմա է, որովհետև իրենց Գյուլի մայրն անգամ, ասում են, հայուհի է, և դիտանկյունը, որտեղից նայում է Շաֆակը, այլևս չի ենթադրում ազգություն. այն համամարդկային տրոփի դաշտ է:
Շաֆակի վեպը չի զարմացնում, կանգ չի պարտադրում նաև իր քաղաքացիական քաջությամբ, որի պատճառով երիտասարդ կինը կանգնեց դատարանի առաջ` հայտնի 301 հոդվածով: Մեր աչքերը դրանից առաջ տեսել էին Դինքին` ստամբուլյան փողոցում անզոր ընկած, ծակ կոշիկով: Նրան արդեն 21-րդ գերլուսավոր դարում սպանել էր էլի թուրքը: Շաֆակը կիսատ էր թողել իր այս գրքի ներկայացման «տուռնեն» ԱՄՆ-ում, շտապել էր Ստամբուլ` տեր կանգնելու իր «ընկեցիկներին», նրանց հետ քելքով պարուրելու Ստամբուլը, բացականչելով` «Ես Հրանտ Դինք եմ»:
Շաֆակի վեպը չի զարմացնում նաև իր թվագրությամբ, որովհետև Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի շեմին կարելի էր մի քիչ «ժողովրդավարական» ցույց տալ Թուրքիան, բայց Շաֆակը վեպը գրել է 2006-ին: Ցեղասպանության հիշողությունը գոլորշու նման բարձրանում է ազգի ենթագիտակցական շերտերից, փորձում մարմնավորում ստանալ, որպեսզի ազգը թեթևանա, չքայքայվի իսպառ` գրային պատկեր դառնալով յուր տաղանդավոր զավակներ Փամուկի, Շաֆակի «տաք ձյունի» մեջ թաթախած գրիչների տակ, որ իրենց ազգ-էթնոսը ազատագրվի:
Շաֆակի վեպը չի զարմացնում նաև իր կատարմամբ: Լեզվով: Ոճով: Իրականության և միֆի, խորքայնության և խաղարկայնության, էսսեի և գեղարվեստականության խառնուրդի, առաջին դեմքից հոսունությամբ դեպ երրորդ դեմք իր անցումներով: Վեպն իր կարկասով հիշեցնում է Ջոյսի «ՈՒլիսեսը»` բաժանված գլուխներով, բավականին առօրեական թվացող ենթավերնագրերով, որոնք շատ դեպքերում մտքի փայլատակումների շշմեցնող, վիրտուոզ դրսևորումներ են ստանում:
Շաֆակի վեպի յուրահատկությունն այն է, որ մեզ` հայ ընթերցողներիս առաջ բացում է թուրքական խորքը, մարդկային ծալքերը. ուր ապրում է հիշողության մյուս երեսը` ցեղասպանողի հոգին ու հիշողությունը:
Իր և Փամուկի գործում մենք տեսնում ենք, որ ցեղասպանողի իրենց խաչը նույնպես դյուրին չէ։ Հիշողության հետ գործ ունենալը հեշտ գործերից չէ, ինչն էլ հասկանում են թուրք ազգի առաջադեմ, հոգևոր խորքերը կրող զավակները, լավ գիտակցելով` զոհաբերողն ու զոհը տիեզերական իրական հաշվարկում, նուրբ աշխարհում միմյանց շարունակություն ու «նույնական» են, զի չկա ուրիշ, առանձին մարմին, չկան առանձին ցավ, մահ, խոշտանգում, ընկեցիկություն. բոլորը նույն մարմնում, հոգում են ու հառաչում են միատեղ։ «Բայց եթե ուզես իմանալ, թե այդ աղջկա ընտանիքին 1915-ին ինչ պատահեց, պարզապես ինձ ասա: Իմ հիշողությունը կարող է քոնը դառնալ»,- ասում է Բանու մորաքրոջը Պարոն Դառնությունը:
Կարելի էր հենց այստեղ էլ վերջակետել ամենը: Արձանագրմամբ` «մեքթուբ»: Զի մեր հիշողությունն այլևս թուրքերինն է: Կարելի է չկասկածել: Վկան` հենց այս գիրքը: Այս գրքով մեր հիշողությունն աստիճանաբար տարրալուծվել-տարածվել է Թուրքիայով մեկ. Շաֆակն ու Օրհան Փամուկը քամու նման տարածում են մեր հիշողության սերմերը: Թուրքիային պետք է պարզապես զորություն` մարդասպանության, ցեղասպանողի հիշողության ծանրությանը դիմանալու համար:
ՈՒ այդ գործում մեր հայ տեսակը պետք է օգնի թուրք տեսակին` դիմանալու իր հիշողության ծանրությանը, որովհետև մենք դիմացել-անցել ենք արդեն այդ փորձության ծանրության միջով:
ՈՒ սա ամենածանր փուլն է այս պատմության ամբողջ ցիկլում:
ՈՒ ամենևին էլ տարօրինակ չէ, որ Շաֆակի գիրքը թարգմանել է Մարո Մադոյան-Ալաջաջյանը: Թարգմանական պատմության մեջ շատ քիչ են դեպքերը, երբ կարդում ես օտար գործը և չես զգում, որ այն այլ լեզվից է փոխադրված:
ՈՒ հիմա, երբ չես կարդացել գործը բնագրով, չես կարող ստույգ լինել, ասելու` դա Շաֆակի՞ ձիրքն է, թե՞ թարգմանչի: Այնպես անկաշկանդ, անպարտադրանք, բառի քեզ մեկնված ընկերության ձեռքերով` միասին, չհոգնելով` գնում ու գնում ես, կարդում ու կարդում ես` ոչ մի կեղծ շտրիխ, ենթագիտակցական ոչ մի պարտադրանք. հոսուն սահում է լեզուն պտղաջրերի նման, այնքան անսեթևանք, այնքան անսայթաք, բայց և միևնույն ժամանակ այնքան խորքային, որ թվում է ոչ թե կարդում, այլ սահում ես բառերի միջով:
Այո, դժվար է ասել, սա Մարոյի՞, թ՞ե Էլիֆի տաղանդի, իսկ առավել ստույգ` սիրո բաղկացուցչի արդյունք է: Ըստ ամենայնի, տեղի է ունեցել նույնականացում. Մարոյին հաջողվել է «լցվել» Շաֆակի տողերի արանքները, շաղախվել, դառնալ մեկ մարմին, որպեսզի ստանա համատեղ մեկ «հառաչանք»: Վեպը թարգմանչուհին կարողացել է հասցնել ներզգայության, բառային այնպիսի շերտերի, ուր ոչ միայն ինքն ու Շաֆակն են նույնացած, այլև վեպի հերոսուհիները` հայուհի Արմանուշն ու թրքուհի Ասյան:
Վեպն այս ավելին է, քան վեպ: Մի շարք առումներով: Բայց առաջին հերթին Շաֆակի գտած վավերականության. «Եթե մենք սիրելուց հետո լինելու ենք նույնը, ինչ սիրելուց առաջ, ուրեմն բավարար չի եղել մեր սերը»:
Գիրքն այս «բավարար» սիրո աղբյուր է` նույնը չլինելու` հանուն «նույնության»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ